Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

«Կա՛մ կատարում ես եվրոպական կառույցի պահանջները, կա՛մ դուրս ես մղվում այդ ընտանիքից»,¬

«Կա՛մ  կատարում ես եվրոպական կառույցի  պահանջները, կա՛մ դուրս ես մղվում այդ ընտանիքից»,¬
10.06.2008 | 00:00

¬Կարծիք կա, թե արմատական ընդդիմությունը չարախնդությամբ է սպասում հունիսի 23¬ին մեկնարկող ԵԽԽՎ ամառային նստաշրջանին, կասկած չունենալով, որ մինչ այդ ՀՀ իշխանությունները չեն կատարի 1609 բանաձևի պահանջները, ինչի արդյունքում մեր պատվիրակությունը կզրկվի քվեարկության իրավունքից։ Իրո՞ք չարախնդություն կա։

¬Ճիշտ հակառակը, չարախնդություն գոյություն չունի։ Մենք ուզում ենք եվրոպական ընտանիքի մաս կազմել և շատ ուրախ կլինենք, եթե Հայաստանը եվրոպական բազմաթիվ կառույցների մաս կազմեր, այդ թվում՝ Եվրամիության։ Անցանկալի ենք համարում նման սցենարը, բայց եվրոպական ընտանիքն ունի խաղի իր կանոնները, և այդ կանոններից շեղումը չեմ կարծում, թե հայաստանյան իշխանություններին խուսանավելու մեծ հնարավորություն կտա։ Հիշո՞ւմ եք՝ 2004¬ին իշխանություններն ընդդիմությանը մեղադրում էին մեր կեղտոտ սպիտակեղենը դուրս հանելու մեջ։ Հիմա իշխանությունը զբաղված է կեղտոտ սպիտակեղենը դուրս հանելով։ Այսինքն, իրենք ունեն երկրում չլուծված պրոբլեմներ, և իրենց վարած քաղաքականության պատճառով եվրոպական կառույցները սևեռված են Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա։ Շատ հստակ է դրված հարցը. կա՛մ կատարում ես եվրոպական կառույցի պահանջները, կա՛մ դուրս ես մղվում այդ ընտանիքից։ Անկեղծ ասեմ՝ շատ տխուր կլիներ, եթե Հայաստանը, թեկուզ ժամանակավորապես, կորցներ Եվրախորհրդում ձայնի կամ քվեարկության իրավունքը։ Մյուս կողմից՝ իմիտացիան շատ ավելի դառը իրականություն է, և ես կարծում եմ, որ այս անգամ ԵԽԽՎ¬ն ադեկվատ ձևով կարձագանքի, ինչի առիթով, սակայն, որևէ ընդդիմադիր հաստատ չի ուրախանա։ Իսկ թե ինչպես է այդ իրողությունը հասարակությանը բացատրելու Հայաստանի պսևդոազգայնական իշխանությունը, շատ հետաքրքիր է իմանալ, որովհետև դա լինելու է ոչ միայն ՀՀ պետական ինստիտուտների ժողովրդավարական որակին տրված գնահատական, այլև ազդելու է ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացի վրա՝ Հայաստանի իզգոյացումը դարձնելով ավելի քան առարկայական։

¬Նոր մարտահրավերնե՞ր։

¬Գիտե՞ք, առանց այդ էլ Հայաստանը մեկուսացված է տարածաշրջանային բոլոր նախագծերից, և հիմա սրան գումարվելու է միջազգային քաղաքական ճնշումը։ Սրան գումարվում է այն, որ մենք կորցրել ենք գլխավոր հաղթաթուղթը՝ ժողովրդավարական պետություն լինելու իրողությունը։ Սա հանգեցնելու է այն բանին, որ դրսում մեզ լուրջ չեն վերաբերվելու՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

¬Հիմա լո՞ւրջ են վերաբերվում։

¬Ոչ։ Բայց դա կառարկայանա, ինչի համար ես շատ ցավում եմ, որովհետև, ի տարբերություն ոմանց, մենք գավառական «երդիկից» չենք նայում աշխարհի զարգացումներին։ Իշխանությունները, ի վերջո, փոխվելու են, բայց մարտի 1¬ի խարանը մեր երկրի երեսից կարող է և չջնջվել։ Նման հեռանկարը որևէ ընդդիմադիրի սրտով չէ, բայց երբ ընտրություններ էին կեղծում, երբ մարդկանց հանիրավի ձերբակալում էին, հիմա էլ պահում են պատանդի կարգավիճակում, պարտավոր էին մտածել նման տխուր հեռանկարի մասին։ Համենայն դեպս, Լևոն Տեր¬Պետրոսյանը 2¬րդ կոնգրեսում հայտարարեց, թե մենք շահագրգիռ չենք, որ միջազգային ճնշումներն ազդեն մեր ժողովրդի կենսամակարդակի, սոցիալական վիճակի վրա։ Սակայն, անկախ ընդդիմության արձագանքից, եվրոպացիները շատ լավ հասկանում են, որ Հայաստանում կան կուտակված խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Ի վերջո, Հայաստանի նոր իշխանությունը թող ապացուցի, որ ինքը ձերբազատվում է նախկին արատավոր համակարգից։ Քանի դա չի ապացուցվել, մենք բարոյական իրավունք չունենք Եվրախորհրդից խնդրելու, որպեսզի վերջինս վերանայի իր մոտեցումները։

¬Նախկին համակարգի արատներից ձերբազատվելու ուղղությամբ Հայաստանի նոր իշխանությունն ինչ¬ինչ քայլեր, այնուամենայնիվ, ձեռնարկում է։ Մասնավորապես, խոսվում է այն մասին, որ մինչև հունիսի 23¬ը ազատ կարձակվեն մարտի 1¬ի գործով անցնող այն քաղաքական գործիչները, ովքեր չեն մեղադրվում անմիջականորեն քրեական հանցանք կատարելու մեջ։

¬Եթե դա իսկապես տեղի ունենա, երկրի ներքաղաքական կյանքում արմատապես նոր իրավիճակ կստեղծվի, դրսի կառույցների ազդեցությունն էլ կդառնա մինիմալ։ Այսինքն, ընդդիմությունն ու իշխանությունն այդ պարագայում կարող են նույնիսկ երկխոսել տարբեր խնդիրների շուրջ։ Բայց քանի դեռ կա մեկ քաղաքական պատանդ անգամ, երկխոսությունը բացառվում է։ Մենք չենք ասում՝ ազատ արձակեք այն մարդկանց, ովքեր ձերբակալվել են խանութ թալանելու կամ ավտոմեքենա հրկիզելու մեղադրանքով։ Մենք ասում ենք՝ բաց թողեք այն քաղբանտարկյալներին, որոնց կարգավիճակը կասկած չի հարուցում։ Այս դեպքում, կրկնում եմ, կարող ենք նույնիսկ իրենց հետ երկխոսել, իսկ այդ փաստն ինքնին հնարավորություն չի տա արտաքին ուժերին՝ շատ ակտիվ դերակատարություն ունենալ Հայաստանի ներքաղաքական զարգացումներում։ Այլ խոսքով, գնդակն իշխանության դաշտում է, և եթե իրենք իրապես ձգտում են հասարակական համաձայնության, իրապես ցանկանում են քաղաքական երկխոսության գնալ, թող անեն այդ քայլերը։ Որևէ մեկը նրանց չի խանգարում։

¬Ասում եք՝ այս¬այս¬այս նախապայմանների կատարման դեպքում արմատականները պատրաստ են տարբեր խնդիրների շուրջ երկխոսելու իշխանությունների հետ։ Դիցուք՝ ո՞ր խնդիրների։

¬Երկխոսությունը չպետք է շփոթել ֆայլաբազարի տուր և առի հետ, երբ ինչ¬որ բան դու ես առաջարկում, ինչ¬որ բան՝ դիմացինդ։ Ո՛չ։ Երբ ասում եմ` տարբեր խնդիրների շուրջ երկխոսություն, նկատի ունեմ քաղաքական բնականոն հարաբերությունների վերականգնումը։ Այն է՝ մարտի 1¬ի իրադարձությունների հետևանքների վերացում, որից հետո կհաստատվեն բնականոն քաղաքական հարաբերություններ, հասարակությունը կդառնա գործոն, ու նաև նրա մասնակցությամբ կկարողանանք առկա ճգնաժամը հաղթահարելու ուղիներ գտնել։ Ճիշտ է, ճգնաժամից դուրս գալու ելքը մենք տեսնում ենք խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների մեջ, բայց պատրաստ ենք լսելու նաև իշխանության առաջարկները։ Գուցե այդ առաջարկները քննարկելուց հետո հնարավո՞ր կլինի գալ ընդհանուր հայտարարի։

¬Մարտիմեկյան իրադարձությունների հետևանքները վերացնելու համար ստեղծվել է խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով։ Հավատո՞ւմ եք, որ այն կկատարի իր առաքելությունը։

¬Ոչ։ Այդ հանձնաժողովը ստեղծվեց միայն այն պատճառով, որ արատավոր պետական կառավարման համակարգում գտնվեց մի ինստիտուտ, որի ղեկավարը, ի դեմս մարդու իրավունքների պաշտպանի, մարտի 1¬ի իրադարձությունների առնչությամբ արտահայտեց տեսակետ, որը համահունչ չէ իշխանությունների կարծիքին։ Այս իրավիճակից դուրս գալու համար էլ ուզում են ստեղծել մի հանձնաժողով, որը, կարծում եմ, նպատակ ունի արդարացնելու դատախազության և ոստիկանության ապօրինությունները, քանի որ դրանում ընդդիմությանն առաջարկվում է ընդամենը 2 տեղ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։ Այսինքն, մենք պիտի գնանք և դիտորդի կարգավիճակում հետևենք, թե ինչպես են իրենք քողարկում դատախազության ու ոստիկանության հանցագործությունները։ Այդ ձևաչափով հանձնաժողովը չի կարող նպաստել անկախ հետաքննության անցկացմանը, և ԵԽԽՎ 1609 բանաձևի պահանջների հետ էլ այն որևէ կապ չունի։ Կրկնում եմ, եթե չլիներ օմբուդսմենի քաղաքացիական կեցվածքը, նման հանձնաժողով չէր ստեղծվի, և ակնհայտ է, որ օրերս տեղի ունեցած խորհրդարանական լսումներն էլ մարտիմեկյան իրադարձությունների պաշտոնական վարկածը լեգիտիմացնելու նպատակ են հետապնդում։ Այդ պատճառով էլ մենք այդ հանձնաժողովի աշխատանքներին չենք մասնակցի, կներգրավվենք միայն այնպիսի հանձնաժողովում, որտեղ երկու կողմերն էլ ներկայացված կլինեն պարիտետային սկզբունքով, ինչն էլ հնարավոր կդարձնի միջազգային փորձագետների ներկայությունը։ Միայն նման հանձնաժողովը կարող է պատասխան տալ հանրությանը հուզող հարցերին՝ ովքե՞ր էին կրակողները, ովքե՞ր էին նրանց պատվիրատուները, ո՞ր գործերն էին շինծու, որոնք` իրական։ Համոզված եղեք, որ եթե օբյեկտիվ հետաքննության արդյունքում գտնվեն ընդդիմադիր գործիչներ, որոնք իրապես զանցանքներ են գործել, ընդդիմությունը որևէ խնդիր չի առաջացնի՝ օրենքի շրջանակներում վերջիններիս պատասխանատվության կանչելու հարցում։

¬Վերլուծաբանների համոզմամբ՝ Հայ ազգային կոնգրես ստեղծելու Տեր¬Պետրոսյանի մտադրությունն այլ բան չէ, եթե ոչ «արագ հեղափոխությունից» երկարաժամկետ պայքարի անցնելու նոր մարտավարություն։ Առաջին նախագահին սատարող բոլո՞ր ընդդիմադիր ուժերն են պատրաստ այդ մարաթոնյան պայքարին։

¬Ինչ վերաբերում է մարտավարությանը, որևէ մեկը ժամկետներ չի նշել։ Իշխանափոխությունը կարող է լինել շատ արագ, կարող է տեղի ունենալ ավելի տևական պայքարի արդյունքում։ Անկախ այն բանից, թե մեր առջև դրված խնդիրների լուծման համար որքան ժամանակ կպահանջվի, ստեղծվում է քաղաքական մի գործիք՝ Հայ ազգային կոնգրես անունով, որը պետք է դառնա այդ պայքարի գլխավոր շարժիչ ուժը։ Եվ պետք չէ ժամկետներ մատնանշել. մենք կպայքարենք այնքան, քանի դեռ մեր առջև դրված խնդիրները լուծված չեն։ Եթե իշխանությունն իր ներսում բարեփոխումների ռեսուրս կգտնի՝ մենք կողջունենք դա, չի գտնի այդ ռեսուրսը, մեր պայքարի մարտավարությունն էլ շատ ավելի կոշտ կլինի։ Ինչ վերաբերում է պայքարն ինստիտուցիոնալ հարթություն տեղափոխելուն, մենք միշտ էլ ձգտել ենք դրան։ Ի վերջո, հասարակությունը պետք է հստակ այլընտրանք տեսնի, և Հայ ազգային կոնգրեսի գաղափարն էլ միտված է դրան։

¬Այս օրերին իշխանությունները կանգնած են հունիսի 20¬ի հանրահավաքը արտոնել¬չարտոնելու «համլետյան» երկընտրանքի առջև։ Ձեր կարծիքով՝ ի վերջո, կարտոնե՞ն։

¬Բացարձակապես իրենց խնդիրն է։ Որպես ազատ քաղաքացի՝ ինքս եմ որոշում՝ ե՞րբ և որտե՞ղ հավաքվել։ Իմ սահմանադրական իրավունքի վրա որևէ մեկը բռնանալու իրավունք չունի։ Կարտոնեն՝ նշանակում է իշխանությունները լուրջ հետևություններ են արել, և իրապես ավելի լուրջ հարթակ կձևավորվի քաղաքական հարաբերությունների զարգացման համար։ Չեն արտոնի՝ նշանակում է գործ ունենք Ռոբերտ Քոչարյանի ստեղծած արատավոր համակարգի վերարտադրության հետ։ Ժամանակն է հասկանալու, որ արտոնել¬չարտոնելով հասարակության դժգոհությունը չի պարպվելու։ Այնպես որ, խելամիտ կվարվեն, եթե արտոնեն, թեև հանրահավաքը տեղի է ունենալու անկախ ամեն ինչից։ Չարտոնելու դեպքում ողջ պատասխանատվությունն ընկնելու է գործող իշխանությունների վրա։ Ոստիկանական շղթաներով, կամակատար դատարաններով, մահակի վերածված դատախազությամբ երկար ժամանակ խնդիրներ լուծել հնարավոր չէ։ Եթե ուզում ենք դուրս գալ այս արատավոր շրջափուլից, քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնման ուղղությամբ շատ որոշակի և կոնկրետ քայլեր պետք է անենք։

¬Այնուամենայնիվ, եթե հանրահավաքը չարտոնվի, սակայն տեղի ունենա, ինչպես մարտի 1¬ին նախորդած օրերին, ի՞նչ կարող է լինել։ Նոր բախումնե՞ր։

¬Կարծում եմ՝ կա հասարակական պահանջ, կա միջազգային ճնշում, և իշխանություններն էլ, ի վերջո, պետք է հասկանան, որ հարցերի լուծման լավագույն տարբերակն ուժայինը չէ։ ՈՒզում եմ, այնուամենայնիվ, լավատես լինել ու ենթադրել, որ հանրահավաքն արտոնվելու է։

¬Լավատեսությունն ուղղված է Սերժ Սարգսյանի՞ն, ում, տարածված կարծիքի համաձայն, մարտի 1¬ի սցենարը, առավել ևս դրա կրկնությունը բնավ ձեռնտու չէր և չէ։

¬Չեմ ուզում անձնավորել, ուղղակի կասեմ հետևյալը. այսօր Սերժ Սարգսյանը մեկ հարցի պատասխանը պետք է տա՝ ինքը Ռոբերտ Քոչարյանի համակարգի մենեջե՞րն է, թե՞ հանրապետության նոր նախագահը։

Զրուցեց Լիլի ՄԱՐՏՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 5276

Մեկնաբանություններ